Սեուլը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան ևս 3000 զինվորական է ուղարկել Ռուսաստան

Աննա Անտոնյան Մարտ 27, 2025

Հյուսիսային Կորեան տարեսկզբից ևս 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական ուժերին աջակցելու նպատակով։ 

Սեուլի ստացած տեղեկությունների համաձայն՝ ի սկզբանե Ռուսաստան ուղարկված 11 000 հյուսիսկորեական զինվորականներից 4000-ը ենթադրաբար սպանվել կամ վիրավորվել են:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան շարունակում է Մոսկվային հրթիռներ, հրետանի և զինամթերք մատակարարել։ Ըստ առկա տվյալների՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է մատակարարել «զգալի քանակությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ», ինչպես նաև ականանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Սեուլը նաև հայտնել է, որ ճակատում տիրող իրավիճակից կախված՝ այդ թիվը կարող է աճել։

2024 թվականի հոկտեմբերից Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) մոտ 10 000 զինվորական էր տեղակայել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում, ուր ուկրաինացի զինվորականներ էին ներխուժել։ Հունվարի վերջին ամերիկյան և բրիտանական հեռուստաալիքները հայտնել էին, որ հյուսիսկորեական ուժերին ստիպված են եղել դուրս բերել առաջնագծից՝ մեծ կորուստների պատճառով։

Կիսվել