Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ուղղություններով կառուցողական համագործակցության մեծ փորձ ունեն․ Պուտին
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 19, 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի մասնակիցներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը նշել է, որ այս տարի երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։
«Կարեւոր է, որ այդ ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ուղղություններով կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել»,-ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նշել է Պուտինը, համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, մարդասիրական եւ այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են խոշոր նախագծեր եւ նախաձեռնություններ։
«Վստահ եմ, որ Ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում կօգտագործվեն՝ եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացման եւ հայ-ռուսական գործընկերության հետագա ամրապնդման համար»,-հավելել է Պուտինը։
Կիսվել