Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ չկա. Միրզոյան

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 29, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը չունի որևէ օրակարգ, որը միտված լինի Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելուն կամ Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը խզելուն։ Հանրային հեռուստաընկերությանը տված ամփոփիչ հարցազրույցում Միրզոյանը շեշտել է, որ նման քաղաքականություն չի վարվում և այդ դիրքորոշումը հստակ ներկայացվում է նաև միջազգային գործընկերներին՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։ «Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու կամ Ռուսաստանի հետ կապերը խզելու որևէ օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չունի»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունների կառուցմանը և խորացմանը։ «Երբ մենք խորացնում ենք հարաբերությունները, օրինակ, Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության հետ, պետք չէ այնտեղ փնտրել թաքնված օրակարգ՝ Ռուսաստանին դուրս թողնելու մասին»,- ընդգծել է ԱԳ նախարարը։ Միրզոյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանը շարունակում է գործնական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ոլորտում։ Նրա խոսքով՝ եթե նման հակառուսական օրակարգ գոյություն ունենար, ապա Հայաստանի վարչապետը չէր առաջարկի ռուսական կողմին մասնակցել երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմանը՝ Գյումրիի և Երասխի հատվածներում, և ներգրավվել տարածաշրջանային տրանսպորտային շարժի մեջ։

Կիսվել