Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կնքեցին համաձայնության հուշագիր

Աննա Անտոնյան Մայիս 12, 2021

Մայիսի 12-ին Ռուսաստանի հայերի միություն հասարակական կազմակերպությունը' ի դեմ նախագահ Արա Աբրահամյանի եւ Ալյանս կուսակցությունը' ի դեմ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կնքեցին համագործակցության հուշագիր' հայտնելով իրենց վճռականությունը առ այն, որ հետպատերազմյան ճգնաժամային դրության հաղթահարման իրական ճանապարհը հայ ժողովրդի համախմբվածությունն ու համերաշխությունն է։ Հանրօգուտ աշխատանք կատարելու մղմամբ երկու կողմերն էլ համաձայնեցին իրագործել համատեղ հայանպաստ ծրագրեր, որոնք կամրապնդեն Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը' ի շահ հայկական զույգ պետությունների հզորացման։ Նախատեսվող ծրագրերը մասնավորապես ուղղված կլինեն արտաքին հարաբերությունների կայունացմանը, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության զարգացմանը, օրինապահ եւ իրավագիտակից հասարակության ձեւավորմանը, արդարադատության վերականգնմանը, Արցախի հիմնահարցին եւ հայոց հին ու նորագույն պատմությանը, մշակույթի եւ ազգային արժեքների վերհանմանն ու ամրապնդմանը, սպորտի, կրթության առաջընթացին, առողջապահության եւ բնապահպանության ոլորտների բարելավմանը։ Թե Ռուսաստանի հայերի միությունը, թե Ալյանս կուսակցությունը չափազանց կարեւորում են երկրի ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու ուղիները, եւ այդ ուղիներից առաջնայինը հայության ներուժի համախմբումն է։

Կիսվել