Ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի` Սաուդյան Արաբիայում

Աննա Անտոնյան Փետրվար 17, 2025

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում երեքշաբթի օրը։

Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլտցը եւ Մերձավոր Արեւելքի հարցով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Ավելի վաղ Ուիտկոֆը հայտնել էր, որ ինքն ու Ուոլտցը Սաուդյան Արաբիա կմեկնեն կիրակի, իսկ Ռուբիոն այնտեղ կգնա Իսրայելից։

Թե ով կմասնակցի Ռուսաստանից, պաշտոնապես հայտնի չէ, սակայն ռուսական լրատվամիջոցները գրում են, որ պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը եւ Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Սրանք ռուս-ուկրաինական պատերազմի հարցով առաջին ռուս-ամերիկյան պաշտոնական բանակցությունները կլինեն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ խաղաղ բանակցություններին կմասնակցի նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր նաեւ որ «շատ շուտով» կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կոնկրետ ժամկետ չէր նշել։

Կիսվել