Ռոբերտ Քոչարյանը Պուտինին չի հանդիպել

Աննա Անտոնյան Ապրիլ 30, 2025

Ռոբերտ Քոչարյանը Պուտինին չի հանդիպել: Մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, իբր ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դավադրապաշտության գիրկն ընկնելով՝ գրել էին նաև, իբր Հայաստանի ուղղությունը համակարգողի լիազորությունները ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին փոխանցելն էլ եղել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով։ Մեր տեղեկություններով, Քոչարյանն իսկապես եղել է Մոսկվայում, բայց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի կայացել, այլ միայն Կիրիենկոյի։ Հորինվածք է նաև տեղեկությունը, թե վերջինիս նշանակումը որպես Հայաստանի ուղղության համակարգող տեղի է ունեցել Քոչարյանի խնդրանքով։ Կիրիենկոյի նշանակման մասին խոսակցություններն ավելի վաղ էին շրջանառվում, և երրորդ նախագահը որևէ կապ չունի այդ փաստի հետ։ Ի դեպ, ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականն է հայտնել, որ Սերգեյ Կիրիենկոն և նրա ենթակաները կսկսեն զբաղվել Հայաստանով, նախկինում Հայաստանի ուղղությունը համակարգում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։

«Այս փուլում Հայաստանի հետ կապված ինֆորմացիոն, ոչ՝ ընտրական աշխատանք է տարվելու»․ ասել է «Վեդոմոստի»-ի աղբյուրը, հավելել, թե «Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է շեղվում դեպի Արևմուտք, ինչն անթույլատրելի է ռուսական պետական քաղաքականության տեսանկյունից»։ Պարբերականը հայտնում է, որ Հայաստանում Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու փափուկ ուժ կիրառել ռուսական շահերն առաջ մղելու համար․

«Աշխատելու են մոտավորապես այնպես, ինչպես եղել են Աբխազիայի վերջին ընտրություններում»:

Կիսվել