ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է ահաբեկչության հետեւանքով Աֆղանստանում իր դեսպանության երկու աշխատակցի զոհվելու մասին
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 05, 2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Աֆղանստանում դեսպանության երկու աշխատակից է զոհվել ահաբեկչության հետեւանքով, նշվել է գերատեսչության կայքում։
«Սեպտեմբերի 5-ին, Քաբուլի ժամանակով ժամը 10.50-ին, Քաբուլում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի մուտքի մոտ անհայտ զինյալը պայթուցիկ սարք է գործադրել։ Զոհվել է դիվանագիտական առաքելության երկու աշխատակից, աֆղանստանցի քաղաքացիների մեջ նույնպես տուժածներ կան։ Դեսպանությունը սերտ կապի մեջ է Աֆղանստանի անվտանգության ծառայությունների հետ, որոնք հետաքննություն են իրականացնում»,- նշվել է հաղորդագրությունում։
Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլում, Դար ուլ Աման փողոցում գտնվող ռուսական դիվանագիտական գերատեսչության դարպասների մոտ։
Կիսվել