«Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց ձգձգման». ԵԽ պատգամավորը՝ ռազմագերիների հարցով քննարկմանը

Աննա Անտոնյան Մայիս 20, 2021

Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

Պատգամավորը նախ շեշտել է, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարևոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտել է՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է պահվում, իսկ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ իրենց որդին մահացա՞ծ է, ո՞ղջ է, գերի՞ է:

«Ալիևը խոսում է խաղաղությունը հարգելու մասին, ինչպե՞ս կարող ենք հավատալ դրան, երբ այսօր նա խախտում է Հայաստանի տարածքը: Ոչ մի դիվանագիտություն չի կարող արդարացնել հիմնարար իրավունքների այդ չարաշահումը: Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց հետաձգման»,-եզրափակել է ԵԽ պատգամավորը:

Նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Կիսվել