ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը». դատարանը կազմակերպության հաշիվները արգելանքի տակ է առել

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 06, 2023

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» պահանջելով՝ հերքել հուլիսին իրենց արած հրապարակումը, ինչպես նաեւ 1.5 միլիոն դրամի փոխհատուցում։ Այս մասին  տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Մխեյանի՝ որոշել է վարույթ ընդունել հայցը:

NEWS.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդեց, որ կազմակերպությունը այդ հրապարակմամբ որեւիցե մեկին չի զրպարտել:

«Մենք չենք զրպարտել, այլ բարեխղճորեն ներկայացրել ենք տեղեկություններ, եւ ներկայացրել ենք բոլոր այն ապացույցները, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած անաչառ ընթերցողին ստուգել, թե որքանով են մեր եզրակացությունները փաստահեն: Սա ճնշում է կազմակերպության նկատմամբ»,- նշեց Իոաննիսյանը եւ հավելեց, որ նախքան դատարան հայց ներկայացնելը կազմակերպությանը հերքման պահանջ չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր ձայնագրություն, որում Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում մարզերում բնակվող, բայց Երեւանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ ՔՊ-ն հերքել էր այն եւ պատճաբանել, թե Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ։

Կիսվել