«ՔՊ–ից խոստումներ են տալիս՝ վարչական ղեկավար, մանկապարտեզի վարիչ կնշանակեն». քարոզարշավը՝ Բերդում
Աննա Անտոնյան
Սեպտեմբեր 12, 2022
«Կասկած չունեմ, որ Բերդ համայնքում մենք հաղթելու ենք»,հետ զրույցում ասում է Բերդ համայնքի ընտրություններին մասնակցող «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածու Արամ Նիգոյանն՝ անդրադառնալով ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանի կալանավորման պայմաններում իրենց ուժի հաղթանակին։
Բերդ համայնքում քարոզարշավն անսովոր պայմաններում է ընթանում. «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը կալանավորված է։ Այս համայնքում չեն բացառում, որ Բերդում կրկնվի Գորիսի սցենարը, երբ կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններում հաղթեց իշխող ուժին։
«Այս ընտրությունները նաեւ արժանապատվության հաղթանակ է լինելու, չեմ կարծում, որ շամշադնեցին չի կանգնի իր ընտրած համայնքապետի կողքին։ Այսօր մենք առավել հզոր ենք, քան տարիներ առաջ էր, օրինակ, 2017–ին թվականին Մանուչարյանին աջակցում էր 6–ից 7 գյուղապետ, իսկ հիմա 16 վարչական ղեկավարներն էլ նրա կողքին են, մեր թիմում շատ արժանապատիվ մարդիկ կան։ Իշխանությունները երեւի մտածում են, որ մարդիկ կգնան ՔՊ–ի շնորհիվ իրենց կընտրեն, անցած ընտրություններն են օրինակ բերում՝ հների ու նորերի հետ կապելով, բայց սա տեղական ընտրություն է։ Ես չեմ կասկածում մեր հաղթանակի վրա, եթե, իհարկե, լուրջ խոչընդոտներ չստեղծեն։ Կարծում եմ՝ մեր հաղթանակի դեպքում Հարություն Մանուչարյանին ազատ կարձակեն, ինքը կգա ու կաշխատի»,– ասաց Նավուր համայնքի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը, որը «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածու է։
Քարոզարշավն, ըստ Նիգոյանի՝ ընթանում է բնականոն հունով, իշխանությունների կողմից խախտումներ կամ էլ ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններ լսել է, բայց այս փուլում դրանց մասին բարձրաձայնել չի ցանկանում.
«Լուրջ խնդիրներ չկան, իհարկե, իրենք իրենց լծակներն օգտագործում են։ Համայնքներում մանիպուլյացիաներ են անում, դե մի բան պետք է անեն, որ ձայն հավաքեն, խոստումներ են տալիս, որ օրինակ, այս համայնքում քեզ վարչական ղեկավար, մյուսին՝մանկապարտեզի վարիչ կնշանակենք։ Ծրագրեր են ներկայացնում, որոնք համայնքի բյուջեի հետ կապված չեն, այլ պետական բյուջեով են արվում, բայց սա տեղական ինքնակառավարման մարմին է, որն ունի իր բյուջեն, ոնց որ ասեն՝ մենք իշխանությունների հետ ենք, եթե մեզ ձայն չտաք, համայնքներում այդ աշխատանքները չեն իրականացվի, սա աբսուրդ է, անկախ նրանից, թե ով է տեղական իշխանությունը, Կառավարությունը պետք է համայնքների զարգացման ծրագրեր իրականացնի։ Նման էժան քայլերի են գնում, բայց դա մեզ չի խանգարում, մենք ամուր ենք, գնում ենք հաղթանակի»։
Ավագանու թեկնածուի խոսքով՝ Բերդ համայնքի բնակիչները քարոզարշավի ընթացքում հիմնականում բարձրաձայնում են խմելու ջրի խնդրի մասին։ Ըստ Արամ Նիգոյանի՝ ջրագծի արտաքին ու ներքին ցանցի աշխատանքներ բոլոր համայնքներում էլ կատարվել են, բայց կլիմայի հետեւանքով ջրի ակունքները ցամաքել են եւ «Զորավոր համայնք» դաշինքի առաջնահերթ կատարվող գործերից մեկն էլ նոր ջրագծեր կառուցելն է լինելու։
Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Բերդի ՔՊ-ամետ զինկոմը ծեծել է իր հորեղբորորդուն` ընտրություններին Հարություն Մանուչարյանին աջակցելու համար, Արամ Նիգոյանն ասաց.
«Չեմ կարող հավելյալ բան ասել մի բանի վերաբերյալ, որին անձամբ մասնակից չեմ եղել։ Ես էլ շատերի նման այդ մասին կարդացել եմ լրատվամիջոցներում, եթե գրվել է, ուրեմն իրականության հետ կապ ունի էլի»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Բերդ համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է երեք ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Արժանապատիվ սերունդ» եւ «Զորավոր համայնք» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է կուսակցական Վահրամ Սուքիասյանը, որը Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի տնօրենն է։ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի առաջին համարը՝ Աշոտ Մելիքյանը օրերս ինքնաբացարկ է հայտնել, նրան կփոխարինի Արթուր Սաֆարյանը։
Իշխանության մրցակիցն այս համայնքում «Զորավոր համայնքն» է, որի ավագանու ցուցակը գլխավորում է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ իշխանությունները Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։
Կիսվել