Քննչական կոմիտեի նախագահը 2019-ին իրեն պարգևատրել է ավելի քան 8 մլն դրամով, նույն թվականին կինը հողամաս է նվեր ստացել, առանձնատուն է ժառանգել ու ՌԴ Ադլեր քաղաքում բնակարան գնել

Աննա Անտոնյան Ապրիլ 28, 2021

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի կինը ՌԴ-ում բնակարան է գնել, այստեղ նաև առանձնատուն, հողամաս ունի, որոնք նվեր և ժառանգություն է ստացել:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Հայկ Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սիլվա Գրիգորյանի հայտարարագրից:

Հայտարարագրերի համեմատությունից պարզ է դառնում, որ 2017-ին Հայկ Գրիգորյանի կինը ձեռք է բերել 50 հզր ԱՄՆ դոլար, որն առկա է եղել նաև հարկային տարվա վերջում, նույն թվականին տարեկան աշխատավարձը կազմել է 1 մլն 920 հզր դրամ:

2018-ին թե ինչ է լինում 50 հզր ԱՄՆ դոլարը, հայտարարագրից պարզ չի դառնում, սակայն տարեկան աշխատավարձը ավելանում է 9 մլն դրամով և դառնում 10 մլն դրամ:

2019-ի հայտարարագրում Սիլվա Գրիգորյանը հայտարարագրել է Ավանում մեկ հողամաս, որի համատեղ սեփականատերն է, ստացել է նվեր, իսկ Էրեբունիում ժառանգել է մեկ առանձնատուն:

2019-ին Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի կինը ձեռք է բերել բնակարան ՌԴ Կրասնոդարի շրջան Սոչիի Ադլեր քաղաքում, 900 հզր ռուբլի արժողությամբ:

Սիլվա Գրիգորյանը «Սիգնում» ՍՊԸ-ից 2 մլն դրամ աշխատավարձ է ստացել, 495 հզր դրամ ստացել է «Որակի կառավարիչների ասոցիացիա» ՀԿ-ից, 110 հզր դրամ փոխառություն է ստացել ՎՏԲ բանկից և 400 հզր դրամ՝ ԱԿԲԱ բանկից:

Ինչ վերաբերում է Հայկ Գրիգորյանին, ապա, ըստ 2019-ի հայտարարագրի, նա  Աջափնյակում մեկ բնակարանի սեփականատեր է, որը ժառանգություն է ստացել, Ավանում՝ հողամասի համասեփականատեր է, բանկային հաշվին ունեցել է 1 մլն 546  հզր դրամ, փոխառությունները կազմում են 35 հզր դոլար, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմում է 17 մլն 703 հզր դրամ:

Հատկանշական է, որ Քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի գործակիցը 12 է, ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի, հետևաբար ՔԿ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ,տարեկան աշխատավարձը՝ 9 մլն 524 հզր դրամ:

Եթե հայտարարգրում ՔԿ նախագահը նշել է, որ Քննչական կոմիտեում աշխատանքի դիմաց վարձատրվել է 17 մլն 703 հզր դրամ, ապա նա գրեթե իր տարեկան աշխատավարձի չափով պարգևատրվել է, պարգևավճարի չափը կազմել է 8 մլն 179 հզր դրամ:

2020 թվականի հայտարարագրերը դեռ չեն ներկայացված, վերջնաժամկետը մայիսի 30-ն է:

Կիսվել