ՔԿ-ն՝ Ճամբարակի քաղաքապետի եւ պարեկների միջեւ ծեծկռտուքի մասին. հայհոյել ու հարվածել են պարեկներին

Աննա Անտոնյան Մայիս 05, 2023

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Ճամբարակի քաղաքապետի եւ պարկների միջեւ մայիսի 4-ի գիծերը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է. «2023թ. մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ «Ճամբարակ» տեղամասում իրականացվող ծառայության ընթացքում 2023թ․ մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, և զգուշացրել են հեռացնել այն։

Դրանից հետո, ստուգելու նպատակով, Գ.Նժդեհի փողոցում պարեկային ծառայողները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և պարզվել է, որ վարորդն իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական։

Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի և ուղևորի գլխավորությամբ մոտ 20-25 անձինք սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկային ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի։

Դեպքի վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 5-ին առերույթ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են նշված ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, 40-ամյա ուղևորը և 29-ամյա մեկ քաղաքացի, ովքեր հանդիսանում են Ճամբարակ քաղաքի բնակիչներ։

Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ դեպքի հանգամաքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի եւ պարեկների մասնակցությամբ երեկ՝ մայիսի 4-ի երեկոյան, տեղի է ունեցել ծեծկռտուք։

Hayastan.news-ի տեղեկություններով Վազգեն Ադամյանը մեքենայի մեջ նստած է եղել, երբ նրան են մոտեցել պարեկներն ու պահանջել, որ ներկայացնի փաստաթղթերը, ենթարկվի սթափության փորձաքննության։ Ադամյանը բացատրել է, որ ինքը մեքենան չի վարում, ոչ մի խախտում չի անում, ընդամենը մեքենայի մեջ նստած է՝ ինչո՞ւ պետք է փորձաքննության ենթարկվի։ Սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։  Պարեկները, տեսնելով, որ չեն կարողանում դիմադրել, հատուկ ջոկատայիններ են հրավիրել։

Կիսվել