Քերոբյանը ներկայացրեց՝ ինչ մոդելով կարող է վերահսկվել Նախիջևանի երկաթգիծը

Աննա Անտոնյան Մայիս 17, 2023

Բրյուսելում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել էին Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Օրեր առաջ բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։
«Վրաստանի և Աբխազիայի այդ հատվածում նույն տիպի կարգավորում էր նախատեսվում, և աշխարհում հայտնի ընկերություններից մեկը պետք է այն վերահսկեր։ Դա շվեյցարական ընկերություն էր, բայց կան նաև ֆրանսիական և մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում»,–ասաց Քերոբյանը։
Նա ներկայացրեց, որ ըստ այդ վերահսկման մոդելի` Աբխազիայի ելքի և մուտքի հատվածներում պետք է այդ ընկերության զննման կետեր դրվեին, որոնք պետք է փոխարինեին մաքսատան ֆունկցիային։
Նախարարը նշեց, որ թեպետ այդ միջոցը Աբխազիայի դեպքում չի աշխատել, սակայն պատկերացում է տալիս, թե ինչ մոդելով կարող է Նախիջևան երկաթգիծը հսկվել։
«Ընդհանրացնելով պետք է ասել, որ, անշուշտ, ցանկացած տիպի ենթակառուցվածքների զարգացմանը մենք կողմ ենք, որովհետև Հայաստանը ենթակառուցվածքների առումով բավական մեծ պոտենցիալ ունի»,–հավելեց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։

Կիսվել