Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին. Պեսկով

Աննա Անտոնյան Հունվար 24, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցին, Կրեմլը ամերիկյան կողմից սպասում է ազդանշանների, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ կոչ անելով  «սուրճի գավաթով գուշակություններ չանել»։

«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդակների, բոլորը պատրաստ են, հետևաբար այստեղ սուրճի գավաթով գուշակություններ անելը դժվար է, եթե ինչ-որ բան լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ վարելու համար։ 

Իսկ չորեքշաբթի Թրամփը իր «Truth Social» սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինը պետք է որքան հնարավոր է շուտ ավարտի պատերազմը և սպառնացել էր Ռուսաստանին նոր տնտեսական պատժամիջոցներով։ Ավելի վաղ նա Դավոսում հայտարարել էր նաեւ, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե նավթի գները նվազեն։

Կիսվել