ՊՆ «ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. պայմանագրային զինծառայողներ են մահացել. ՊՆ

Աննա Անտոնյան Փետրվար 20, 2023

Փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:

ՊՆ-ից հայտնում են, որ 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:

Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում դժբախտ պատահարի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կիսվել