Պետք է հասնել խաղաղ հանգուցալուծման նաև ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. Շոլց

Աննա Անտոնյան Մարտ 02, 2023

Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով. Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Շոլցը կարևորեց նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան երկարաժամկետ լուծման: ՀՀ վարչապետը Շոլցին է ներկայացրել ԼՂ-ում վերջին զարգացումները:

«Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասաց կանցլերը:

Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծեց, որ Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան:

Շոլցը կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ համարեց Փաշինյանի և Ալիևի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը:

Կիսվել