Պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը կալանավորվեց

Աննա Անտոնյան Նոյեմբեր 15, 2022

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, Պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վրույր Բարսեղյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին  տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Այս պահին դատարանում քննվում է մյուս մեղադրյալին՝ Արկադի Բարսեղյանին, կալանավորելու միջնորդությունը։

Ավելի վաղ  հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։

Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Կիսվել