Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան

Աննա Անտոնյան Ապրիլ 15, 2025

Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Կառավարությունը չի շեղվելու Խաղաղության օրակարգից, այսօր ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել», - ասել է նա։

Կառավարության ղեկավարը նշել է, որ չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Ըստ նրա՝ այդ կրակոցները կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։

«Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նա եւս մեկ անգամ Ադրբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

«Այս համատեքստում, հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ԱԺ-ում ելույթ է ունեցել Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին հիմնական զեկույցի քննարկման ժամանակ։

Կիսվել