Փաշինյանի ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը. Մայր Աթոռի արձագանքը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 15, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ի իր հարցազրույցում ասել էր, թե ձևավորվում են պետություն-եկեղեցի նոր հարաբերություններ. «Այս ամենի արդյունքում, կարող է, ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով եւ ավելի համապարփակ անդրադառնա հոգեւոր օրակարգին»:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս տարբեր ձևաչափերով անդրադարձ է ունեցել ներհասարակական բևեռացվածությանը և երկրում առկա լարվածությանը. «Ինչպես և հորդորել ամեն ջանք ի գործ դնել՝ ազգային կյանքում բաժանարար գծերը վերացնելու, ժողովրդի միասնականությամբ երկրում տիրող մթնոլորտն առողջացնելու և ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գոյաբանական, անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համար»։

Նա հիշեցրեց, որ վերջին անգամ ՀՀ իշխանություններին ուղղված նման հորդորով հանդես էր եկել Գերագույն հոգևոր խորհուրդը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Ավելին՝ առաձգական դատողությունների միջոցով, կարծես թե, փորձ է արվում արդարացնել և անգամ նվիրագործել Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ժխտական դիրքորոշումը՝ այն քողարկելով իբրև թե «նոր հարաբերություններ» հասկացությամբ»։

Կիսվել