Փաշինյանը բացահայտ փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին, թիրախում են հատկապես ՀՅԴ անդամները․ ՀՅԴ Բյուրո

Աննա Անտոնյան Մայիս 01, 2021

Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները։ Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիորեն թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացահայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին։

Քաղաքական հետապնդումների թիրախում են հատկապես ՀՅԴ Հայաստանի կազմակերպության պատասխանատուները, անդամներն ու համակիրները։ Բռնությունների ու քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արվում կոտրել հայրենիքի փրկության համար սկսված պայքարի ոգին։ Նման գործելաոճը ի ցույց է դնում օրվա իշխանությունների մոտ առկա քաղաքական ճգնաժամը։ Սանձազերծված բռնաճնշումները ավելի են խորացնելու այդ ճգնաժամը։

Այսու, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում հանուն հայրենիքի և արժանապատվության պայքարի դրոշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանություններին եւ նրանց կամակատար ուժային կառույցներին հորդորում ենք մնալ օրենքի և օրինականության շրջանակներում։ Հիշեցնում ենք, հայրենիքի և ազգի ազատագրության, Հայաստանում հայ մարդու և քաղաքացու ազատ և արժանապատիվ կյանքի պայմանները կերտելու ճանապարհին՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ։ Վկան՝ ՀՅԴ 130 տարվա պատմությունը։

Կիսվել