«Պարոն Փաշինյան, Ձեր ապաշնորհ հայտարարություններով և կոչերով Դուք միայն ստեղծում եք գործողությունների իմիտացիա՝ ի վնաս Հայաստանի պետականության և բնակչության անվտանգության» Արա Աբրահամյան

Աննա Անտոնյան Մայիս 14, 2021

Արա Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում գիտակցել Սյունիքում տեղի ունեցածի համար իր սեփական պատասխանատվությունը և անհապաղ օգտագործել պետության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բոլոր հնարավորություններն ու միջոցները Հայաստանի բնակչության անվտանգության պահպանման համար։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի Նիկոլ Փաշինյանին ուղղված խոսքում ասված է. «Ձեր ապաշնորհ հայտարարություններով և կոչերով Դուք միայն ստեղծում եք գործողությունների իմիտացիա՝ ի վնաս Հայաստանի պետականության և բնակչության անվտանգության: Հասարակությունն իրավունք ունի իմանալ. - Ինչու՞ դուք ոչինչ չեք ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի տարածք և դրանց տեղակայումը Հայաստանի բնակավայրերի մոտ: - Ե՞րբ իմացաք դեպի հայկական սահման ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին։ Տեղեկություն ունեի՞ք թշնամու ուժերի մոտալուտ զինված ներթափանցման մասին, թե՞ Հայաստանի հատուկ ծառայություններն ու ուժային կառույցներն այսօր զբաղված են հիմնականում ձեր անձնական անվտանգության ապահովմամբ: - Ի՞նչ եք արել Դուք՝ որպես Գլխավոր հրամանատար, ադրբեջանական դիվերսիոն կազմավորումները հետ մղելու համար: Ինչու՞ նրանք չեն շրջապատվել և գերի չեն ընկել և մինչ այժմ գտնվում են Հայաստանի հանրապետության տարածքում: -Ինչու՞ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ նրանից օգնություն չեք խնդրել: Այս ամենը ձեզ չի հիշեցնո՞ւմ Ռուսաստանին «դիմելու» «արցախյան» սցենարը: - Ինչու՞ եք դիմել ՀԱՊԿ ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածի հիման վրա (սպառնալիք պետությանը), այլ ոչ թե 4-րդ հոդվածով (պետության վրա հարձակում): Պարոն Փաշինյան, պետության ղեկավարի պարտականությունների կատարումը չի նվազեցնում գործողությունների և անգործության համար ձեր պատասխանատվության աստիճանը: Դուք եք գլխավոր պատասխանատուն այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր Սյունիքում ու ողջ Հայաստանում։ Նաև Դուք եք մեր հայրենիքի նկատմամբ ոտնձգության փորձերը ճնշելու Հայաստանի իշխանությունների իրական անգործության հիմնական մեղավորը: Մենք ձեզ հորդորում ենք անհապաղ կիրառել Հայաստանի Հանրապետության բնակչության սահմանների պահպանման և անվտանգության ապահովման համար առկա բոլոր ներքին և արտաքին հնարավորություններն ու միջոցները՝ ներառյալ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը:

Կիսվել