Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից

Աննա Անտոնյան Մարտ 09, 2023

«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը բողոքների համատեքստում որոշում է կայացրել Վրաստանի խորհրդարանից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչի մասին։ Այս մասին նշվել է քաղաքական միավորման հինգշաբթի հրապարակած հայտարարությունում։

«Մենք տեսանք, որ ընդունված օրինագիծը տարաձայնություններ է առաջացրել հասարակությունում։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսով եւ մոլորության մեջ գցել բնակչության որոշակի մասին։ Օրինագծին փակցվեց «ռուսական օրենքի» կեղծ պիտակ, իսկ դրա ընդունումն առաջին ընթերցմամբ հասարակության մի մասին ներկայացվեց որպես հեռացում եվրոպական գծից։

Բացի այդ, արմատական ուժերին հաջողվեց  ներգրավել երիտասարդության մի մասին հակաիրավական գործունեության մեջ։ Մենք պետք է ինքներս ուշադիր վերաբերվենք մեր երկրի խաղաղությանը, հանդարտությանն ու տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման ուղիով Վրաստանի ընթացքին։ Ուստի, անհրաժեշտ է մեր յուրաքանչյուր քաղաքացու էներգիան ծախսել  ոչ թե դիմակայության, այլ ճիշտ ուղղությամբ երկրի զարգացման վրա։

Ուշադրության առնելով վերոնշյալը՝ մենք, որպես իշխանություն, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի առջեւ, որոշում կայացրինք անվերապահորեն հետ կանչել մեր հավանությանն արժանացած օրինագիծը՝ առանց որեւէ վերապահման։

Երբ հուզական ֆոնը հանդարտվի, մենք ավելի լավ կբացատրենք հանրությանը, թե ինչի համար էր ընդունվել օրինագիծը եւ ինչու էր կարեւոր ապահովել օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը մեր երկրում։ Մենք դրա համար կսկսենք հանդիպումներ ունենալ բնակչության հետ եւ լայն հանրությանը կհասցնենք ողջ ճշմարտությունը հարցի ամեն մի մանրամասնի մասին։

Մենք գործում ենք հատուկ պատասխանատվությամբ, որը՝ որպես կառավարող ուժ, կրում ենք հասարակության յուրաքանչյուր անդամի առջեւ։

Վրաստանը կպահպանի խաղաղությունը եւ կայունությունը եւ կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրացական հասարակության սկզբունքային ընտրությունն է»,- նշվել է կուսակցության՝ կայքում տեղադրված հայտարարությունում։

Կիսվել