Օգոստոսի 31–ին Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում

Աննա Անտոնյան Օգոստոս 25, 2022

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31–ին, Բրյուսելում։ Այս մասին հայտնեցին Կառավարության  լրատվական ծառայությունից։

Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել էին Բրյուսելում, մայիսի 22–ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այդ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնել էին ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ։

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24–ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։

Երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։

Կիսվել