Օգոստոսի 14–ին ստացված կեղծ ահազանգերի գործը կքննի ԱԱԾ–ն. դատախազություն

Աննա Անտոնյան Օգոստոս 15, 2022

ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաև վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները:
Երևանի մետրոպոլիտենում ու կարևոր նշանակության այլ օբյեկտներում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի փաստով նախաձեռնված քրեական վարույթը կփոխանցվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաև վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները»,–գրել է Աբրահամյանը:
Նշենք, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը):
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։
Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դրանք կեղծ են: Ժամը 21։30–ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Կիսվել