Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Աննա Անտոնյան Փետրվար 10, 2025

Հայաստանի ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդի նիստում ԱԺ խորհրդի համապատասխան որոշման մեջ լրացմամբ նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:

Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդի նիստը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: 

Մինչ նախագծերի հաստատվելը` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկվել Կառավարության հեղինակած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով` պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը: 

Սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը: 

Փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 8 հարց: 

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 և 2021 թվականների որոշումներում:


Կիսվել