Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության հարցերն այսօր հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:
Հայաստան-Եվրամիություն նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտին են հասել, երեկ հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Երևանն ու Բրյուսելը գործընկերության նոր փաստաթղթի շուրջ են աշխատում։
Հովհաննիսյանը, սակայն, չբացահայտեց, թե նոր փաստաթղթում կոնկրետ ինչ առաջնահերթություններ են լինելու: Արտգործնախարարությունում կարծում են, որ այս նոր փաստաթուղթն էլ ավելի է խորացնելու Բրյուսելի ու Երևանի հարաբերությունները։
Հայաստանն ու Եվրամիությունն ուղիղ մեկ տարի առաջ էին հայտարարել, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ Բրյուսելից միայն ընդգծել էին, թե նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։