Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունը

Աննա Անտոնյան Հուլիս 30, 2022

Երեւանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։

Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ առկա հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ եւ եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային եւ քաղաքակրթական կապերի եւ բարեկամության վրա։

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակին եւ դրանց առավել ընդլայնման եւ ամրապնդման համար անհրաժեշտ քայլերին։ Կողմերը շեշտել են Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ուղղությամբ համատեղ աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերին։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում՝ հայկական կողմն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաեւ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Խորհրդակցությունների ավարտին եգիպտական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարեւորել է Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում շփումները եւ փոխադարձ այցերը, որոնք նպաստում են բազմաոլորտ երկկողմ համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը:

Կիսվել