ՄԻԵԴ-ը փաստացի բավարարել է մեր խնդրանքը. Մեր ակնկալիքները դատարանից շատ բարձր չէին. Եղիշե Կիրակոսյան

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 22, 2022

Եվրոպական դատարան դիմել էինք դեռեւս դեկտեմբերի 15-ին, դրանից հետո Եվրոպական դատարանին երեւի ամենօրյա ռեժիմով նոր թարմացումներ էինք տրամադրում, տեղեկատվություն, որը վերաբերում էր հենց Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին ու զարգացումներին, քանի որ հասկանալի պատճառներով իրավիճակն անընդհատ փոփոխվում էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով նախօրեին ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, որով ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

«Մեր դիմումի մեջ շեշտադրումներ արվել էին հատկապես առողջական  խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաեւ անօթեւան  մնացած եւ կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների տրամաբանության տակ: Երկրորդ հոդվածը կյանքի իրավունքն է, երրորդ հոդվածը դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքի նորմն է:

ՄԻԵԴ-ը հրատապ միջանկյալ միջոցները կիրառում է հստակ շրջանակներում: Բնականաբար, ՄԻԵԴ-ը այս իրավիճակը պետք է կապի այդ երկու իրավունքների հետ, բացառիկ դեպքերում նաեւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին կարող է խոսք լինել, որը 8-րդ հոդվածն է: Դատարանը պետք է այդ կապը տեսնի, որ իրավիճակն այնպիսին է, որ շարունակվելը կարող է անդառնալի վնաս հասցնի այս երկու հոդվածներով պաշտպանվող արժեքներին:

ՄԻԵԴ-ը երեկ ծանուցեց մեզ իր կայացրած որոշման մասին: Նախեւառաջ հղում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հյտարարությանը, որով Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անվտանգ տեղափոխումը: Դատարանի որոշման եզրափակիչ մասում նշվում է՝ ապահովել «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Դրա վերաբերյալ Ադրբեջանը պետք է դատարանին ծանուցի իր ձեռնարկած միջոցառումների մասին: Նաեւ դատարանը մի կարեւոր դիտարկում էլ արեց, տվեց առաջնություն մեր ներկայացրած գանգատին»,-ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով, Միջազգային դատարանը փաստացի բավարարել է Հայաստանի խնդրանքը. «Մեր ակնկալիքները դատարանից շատ բարձր չէին, որովհետեւ գիտենք, որ դատարանն ունի հստակ շրջանակներ իրավական տեսանկյունից այսպիսի իջոցներ կիրառելիս: Երկրորդը, նմանատիպ բարդ կոնֆլիկտային գործերի մեջ մտնելուց Դատարանը սովորաբար խուսափում է:

Եթե իրավիճակը չհագուցալուծվի, մենք շարունակելու ենք ներկայացնել լրացուցիչ փաստարկներ, ապացույցներ, որպեսզի հետագա ընթացքը կարողանանք ապահովել»:

Եղիշե Կիրակոսյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք Արդարադատության միջազգային դատարանի միջոցով նամակ էին հղել Ադրբեջանին՝ պահանջելով ներկայացնել փաստարկներ. «Մենք ստացել ենք Ադրբեջանի պատասխանը թե Արդարադատության միջազգային դատարանի, թե ՄԻԵԴ-ի միջոցով. Իրենք այդ պատասխաններում փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել՝ փորձելով ներկայացնել, թե խոսքը «ակտիվիստների» մասին է, ինչն աբսուրդ է»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»:

Կիսվել