«Մենք միասին պատմություն ենք կերտել». Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 23, 2026

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության 35-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով՝ «մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում»:

«Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը։ Արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է։ Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը», - ուղերձում նշել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը նշել է. «Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար։ Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր Կառավարությանը»։

Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին մեկ տարվա առաջընթացը։

Նախօրեին էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Թրամփը խոսել էր նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ հիշատակելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը։ ԱՄՆ նախագահը մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝ առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի։

Կիսվել