Մեկնարկել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը. այն քննվում է դռնփակ ռեժիմով

Աննա Անտոնյան Ապրիլ 25, 2023

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, այսօր՝ ապրիլի 25-ին, մեկնարկել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը:

Գործի քննությունն ընթանում է դռնփակ ռեժիմով:

Հիշեցնենք` օգոստոսի 30–ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ Քննչական կոմիտեի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Մասնավորապես, Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:

Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։

Կիսվել