Մեղրի–Ագարակ ճանապարհին շուրջ 9 ամիս է՝ ռուս սահմանապահները մոդուլային հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար

Աննա Անտոնյան Օգոստոս 08, 2022

Շուրջ 9 ամիս է՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին տեղադրված են մոդուլային հենակետեր, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում «Պետական սահմանի» մասին օրենքի համաձայն։ Այս մասին զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ չնշելով սակայն, թե ինչ նկատառումներից ելնելով են  տեղադրված այդ հենակետերը։

«Կխնդրեմ այդ մասով դիմել համապատասխան գերատեսչություններին, ես որպես Մեղրի համայնքի ղեկավար կարող եմ ասել, որ այդ մոդուլային հենակետերը տեղադրված են 8–ից 9 ամիս։ Ռուս սահմանապահների ծառայությունը իրականցվում է Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ստորագրած փաստաթղթերի հիման վրա։ Այդ սահմանային գոտում սահմանահատումներ են լինում, ռուսական սահմանապահ զորքերի նշանակությունը հենց դրա համար է»,– ասաց համայնքապետը։

Համայնքապետի խոսքով՝ սա նշանակում  է, որ քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան անձնագիր, որպեսզի հարկ եղած դեպքում ցույց տան դրանք ռուս սահմանապահներին, որից հետո միայն կարող են անցնել հենակետը։

Բագրատ Զաքարյանի խոսքով՝ ամեն անգամ չէ, որ ռուս սահմանապահները ստուգում են քաղաքացիներին, բայց լինում են դեպքեր, երբ մեկ ժամից ավելի քաղաքացիների տեղաշարժը դադարեցվում է, ինչն, իհարկե, զայրացնում է բնակիչներին։

Կիսվել