Լուկաշենկոն 7-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Աննա Անտոնյան Մարտ 25, 2025

Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ երդմնակալության հանդիսավոր արարողությամբ շարունակել է պաշտոնավարումը Բելառուսի նախագահի աթոռին։ Նա նախագահի պաշտոնում վերընտրվել էր հունվարյան ընտրություններում։ Լուկաշենկոն Մինսկի Անկախության պալատ է հասել հատուկ շարասյան ուղեկցությամբ։ Երդմնակալության արարողության նախօրեին 10 իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարել էին, որ Լուկաշենկոյի՝ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելը հակասահմանադրական է, հունվարի 26-ին անցկացված ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշին՝ «դրանք անցել են համատարած վախի մթնոլորտում»: Լուկաշենկոն հասցրել է հաստատել նոր կառավարության կազմն ու պաշտոնական այցով Մոսկվա մեկնել։ Լուկաշենկոն Բելառուսի նախագահի աթոռին է 1994 թվականից։ Այն բանից հետո, երբ դաժանորեն ճնշվեցին 2020 թվականի հետընտրական անհնազանդության ակցիաները, միջազգային հանրությունը հրաժարվում է ճանաչել նրան որպես Բելառուսի օրինական նախագահ։

Կիսվել