Լուկաշենկոն հաստատել է «ազատագրված ադրբեջանական» տարածքների վերածնմանը մասնակցելու պատրաստակամությունը

Աննա Անտոնյան Հունիս 11, 2024

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությունը հավասարակշռելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ հաստատել է «ազատագրված ադրբեջանական» տարածքների վերածնմանը մասնակցելու պատրաստակամությունը, տեղեկացրել է ԲելՏԱ գործակալությունը։

«Ապրանքաշրջանառությունը վատ չէ, բայց հավասարակշռված չէ։ Մենք պետք է ավելի շատ ապրանքներ գնենք Ադրբեջանում»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ հարցը կկարգավորվի։ Նա հիշեցրել է, որ Բաքվի հետ վերջերս քննարկվել են այն ուղղությունները, որոնցում պետք է ինտենսիվորեն համագործակցել, ներառյալ տեխնոլոգիաների փոխանակումը արդյունաբերական եւ ռազմարդյունաբերական ոլորտներում։ «Փակ թեմաներ չկան։ Մենք պատրաստ ենք աշխատել այս ուղղությամբ»,- նշել է Լուկաշենկոն։ Նա վստահություն է հայտնել, որ խորհրդարանականներն այդ գործընթացը կապահովեն օրենսդրորեն։

Լուկաշենկոն նաեւ հաստատել է Բելառուսի պատրաստակամությունը՝ մասնակցել «ազատագրված ադրբեջանական տարածքների» վերածննդին, ինչի մասին նա հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում մայիսին, Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ։ «Շուշիում ես նրան ասացի. «Դուք դրախտում եք ապրում»։ Այսպիսի տեղ ոչ մի տեղ չեմ տեսել՝ մեր մոլորակի շատ վայրերում լինելով. մաքուր օդ, հիանալի բնություն։ Ես համոզված եմ, որ դուք կկատարեք հերթական սխրանքը՝ վերականգնելով կյանքն այս տարածքներում։ Մենք գոհունակությամբ կմասնակցենք այդ աշխատանքներին, որոշել ենք ուղղությունները։ Ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։


Կիսվել