Լինելու են շատ դաժան, կոշտ ընտրություններ, իշխող ուժին բավականին շատ ձայն է պակասում հաղթանակի համար․ Վիգեն Հակոբյան

Աննա Անտոնյան Մայիս 23, 2021

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ հիմա հայաստանյան հասարակությունը մտել է երկու զուգահեռ գործընթացների մեջ, որոնք կամա թե ակամա ինչ-որ մի տեղ շաղկապվում են։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքում սպասվող զարգացումներին, խորհրդարանական ընտրություններում սպասվող պայքարին։

«Այդ գործընթացներից մեկը ներքաղաքական պայքարն է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որը տեղի է ունենում երկրորդ գործընթացի ֆոնի վրա, որոնք են՝ տարածաշրջանային զարգացումները, որոնցից ամենավառ արտահայտվածը Սյունիքում, Գեղարքունիքում տեղի ունեցողն է»,- ասաց նա՝ նկատելով, որ փաստացի ստացվում է, որ նախընտրական քարոզարշավը տեղի է ունենում անընդհատ փոփոխվող աշխահաքաղական, տարածաշրջանային զարգացումների ֆոնին և կրում դրանց ազդեցությունը, ըստ այդմ, այս փուլը զուգորդվում է նաև որոշ քաղաքական ուժերի վարկանիշների նվազմամբ կամ բարձրացմամբ։

Ըստ մասնագետի՝ նշյալ տարածաշրջանային գործընթացները, ՀՀ-ի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները բացասական առումով իրենց ազդեցությունն են ունենում գործող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և անձնապես Նիկոլ Փաշինյանի վարկանիշի և հնարավորությունների վրա։

Նա, մատնանշելով վերջերս Սյունիք ու Գեղարքունիք ադրեջանական զինուժի տեղակայումից հետո հրապարակված հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, նկատեց՝ ընդդիմությունը փորձում է օգտագործել է իշխող ուժի ձախողումներն՝ իր վարկանիշը բարձրացնելու համար։

«Հասկանալով, թե դրանք ինչ կորստաբեր նշանակություն ունեն երկրի համար, փորձելով կասցնել դրանք՝ ընդդիմությունն իր քայլերն անում է նաև նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմը գահավիժեցնելու գլխավոր ուղին այսօր ընտրություններն են համարվում»,- ասաց նա։

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ ընդդիմությունը փորձում է բացատրական աշխատանքներով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նկրտումները, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, բացի այդ, փորձում է նաև կոնսոլիդացնել իր ուժերը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ։

Նա ճիշտ քայլ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ եղած բանակցությունների վերաբերյալ փաստաթղթի հրապարակումն ընդդիմության ներկայացուցչի կողմից՝ նկատելով, որ եթե դա չլիներ, գուցե Նիկոլ Փաշինյանը մի գիշեր գաղտնի ստորագրեր փաստաթուղթը, առավոտյան ուղիղ եթերով այդ մասին հայտարարեր։

«Ընդդիմության տարբեր սեգմենտներ փորձում են օգտագործել Փաշինյանի դեմ եղած փաստերը։ Կարծում եմ՝ դեռ ամբողջ թափով չի ստացվում նրա հեղինակությունը նվազեցնել։ Կարծում եմ, որ ընդդիմությունը, բացի նախընտրական սխեմաներ կազմելուց, պետք է համախմբվի և ամենօրյա ռեժիմով փողոցային ակցիաներ իրականացնի․ դրա համար այսօրվա իշխանություններն ունեին լայն օրակարգ»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրության օրն արձանագրվելու է այն, ինչ տեղի է ունենում փողոցում, եթե փողոցում իշխանությունը լինի, օրինակ,  31 տոկոս, այդքան էլ լինելու է ընտրությունների ժամանակ։

Խոսելով արդեն բուն ընտրապայքարի մասին՝ նա նշեց, որ լինելու են շատ դաժան կոշտ ընտրություններ, քանի որ իշխանության համար խաղասեղանին դրված է ոչ թե զուտ իշխանությունը, ունեցվածքը, ֆինանսները պահելը, այլ՝ իրենց անձնական անվտանգությունը։

«Կարծում եմ՝ այդ պատճառով ինչքան ռեսուրս ունեն, իրենք փորձելու են օգտագործել, որ հաղթեն ընտրություններում։ Նրանց բավականին շատ ձայն է պակասում հաղթանակի համար, կիսատ–պռատ ռեսուրսներով դժվար թե կարողանան հաղթել,- ասաց նա՝ նկատելով, որ դժվար է ասել թե քանի տոկոսով է իշխանությունը տիրապետում վարչական ռեսուրսին,- եթե նրանք ամբողջությամբ կարողանային տիրապետել վարչական ռեսուրսին, կկարողանային մարզեր գնալ, բայց Երևանում նրանք շատ վայրեր չեն կարողանում գնալ»։

Վիգեն Հակոբյանի կանխատեսմամբ՝ հաջորդ իշխանությունը կոալիցիոն է լինելու, իսկ դա նշանակում է, որ ոչ մի ուժ միանգամից չի կարող հաղթանակի համար ձայներ հավաքել։

«Գոնե այս պահին այդպես է երևում, որ լինի իշխանությունը, թե ընդդիմությունը, կոալիցիա պետք է ձևավորի, այլապես չի կարող հաղթել։ Գուցե հետո՝ քարոզարշավի ընթացքում՝ հատկապես որ հաշվի ենք առնում, որքան արագ է ամեն ինչ փոխվում, իրավիճակը փոխվի, բայց առայժմ այդ է պատկերը,- ասաց նա՝ նշելով, որ հիմա երևում է, որ 4-5 ուժ կլինեն խորհրդարանում,- «Պատիվ ունեմ»-ն է, որ լինելու է խորհրդարանում, «Հայաստան» դաշինքն է, «Բարգավաճ Հայաստանն» է, որոնք հայտարարել են, որ գնում են հաղթելու համար, «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքելու է իր հավատարիմ էլեկտորատի ձայները, լինելու է խորհրդարանում, բայց շատ հեռու է լինելու միանգամից հաղթելուց։ Չեմ բացառում նաև, որ Հայ ազգային կոնգրեսը անցողիկ շեմի համար լուրջ պայքար տանի․ ունի իր հավատարիմ ընտրազանգվածը և կարող է վերցնել այն ձայները, որոնք տեղավորված էին Փաշինյանի ընտրազանգվածում»։

Կիսվել