Լաչինի միջանցքը կբացվի, բայց ի՞նչ գնով․ դիվանագետ

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 16, 2022

Վաղուց տարբեր հարթակներից կարծիքներ են հնչում, որ Արցախը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի է, եւ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում վերահսկել իրավիճակը։ Սա ամենամեծ սխալն է, քանի որ Հայաստանի կողմից Արցախի անվտանգությունը երաշխավորելուց հրաժարվելու հետեւանքով Արցախը մնացել է երրորդ երկրի հայեցողությանը։  Այս մասին դեկտեմբերի 16-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։  

Նա վստահեցրեց, որ դիվանագիտական հնարավորությունների պատուհաններ եղել են, իսկ դրանք չօգտագործելը ոչ կոմպետենտ քաղաքականության արդյունք է։

Մելիքյանը նկատեց, որ խաղաղության օրակարգն առաջ մղելու հետեւանքով սիտպված ենք որոշակի գին վճարել։  

«Ինչ-որ պահի ճանապարհը բաց կլինի, բայց հարց է՝ ի՞նչ գնով»,-ասաց դիվանագետը։

Նա համոզված է, որ ոչ մի երաշխիք չկա, որ սադրանքները չեն կրկնվի։

Մելիքյանը կոչ արեց վերանայել վարվող քաղաքականությունը։

Դեսպանը նկատեց, որ միջազգային հանրության կոչերը ոչինչ չեն լուծում, ամեն ինչ  լուծվում է խաղաղապահների եւ ադրբեջանցիների միջեւ բանակցությունների արդյունքում:

«Միջազգային հանրության հայտարարությունները պետք է լինեն հասցեական, դրանց պետք է հետեւեն որոշակի գործողություններ։ Կան նաեւ անտեսանելի բանակցություններ, որոնք այդպես էլ հանրությանը հայտնի չեն դառնա։ Հաճախ հենց այդ ձեւաչափով են լուծվում խնդիրները»,-նշեց նա։

Մելիքյանը հավելեց, որ Հայաստանի իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից անընդհատ նման սխալների է դիմում։

«Կատարվածը հենց զիջումների արդյունք է։ Այն, որ Հայաստանի իշխանությունը չի օգտագործում որոշակի արտահայտություններ եւ ձեւակերպումներ, պայմանավորվածությունների արդյունք է։ Բոլոր 100 երկրները, որտեղ կան Հայաստանի ներկայացուցչություններ, պետք է կոշտ արձագանքեին Ադրբեջանի սադրանքներին, իշխանությունն աշխատանք չի տանում սփյուռքի կառույցների հետ։ Հասարակությունը պետք է հասկանա, որ մենք արդեն ավելի քան 30 տարի գտնվում ենք պատերազմական վիճակում եւ գտնվելու ենք այդ վիճակում, քանի դեռ չի ապահովվել Արցախի անվտանգությունն ու անկախությունը։ Նույնիսկ ներկայիս իշխանություններն են ընդունում, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանին չի ապահովագրում նոր պատերազմից»,-հայտարարեց դիվանագետը։

Նա կարծիք հայտնեց, որ հետեւողականորեն ոչ թե հայանպաստ, այլ հակառուսական քարոզչություն եւ քաղաքականություն է վարվում։

Մելիքյանը կոչ արեց ուշադրություն դարձնել նրան, որ Իրանի հետ արտաքին ուժերի դիմակայության թատրոնը կարող է տեղափոխվել ՀՀ տարածք։

Կիսվել