Կխնդրեի չօգտագործել «միջանցք» տերմինը ՀՀ-ով անցնող ենթակառուցվածքների մասով. Միրզոյանը՝ թուրք լրագրողին

Աննա Անտոնյան Նոյեմբեր 05, 2025

«Ամերիկյան ներկայությունը Հայաստանում նոր չէ, էլի կան ընկերություններ, որոնք ունեն ամերիկյան մասնակցություն: Շատ լավ է, որ այնպիսի երկիր, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, հետաքրքրություն ունի, սա և՛ տնտեսական բաղադրիչ ունի, և՛ քաղաքական»:

Այս մասին «Օրբելի Ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ թուրք լրագրողի խնդրանքով անդրադառնալով TRIPP նախագծին ու հավելելով, որ ամերիկյան ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի համար խաղաղության գործիքներից և երաշխիքներից մեկն է դառնում:

Նախարարը նշել է, որ իր պատկերացմամբ՝ դա լինելու է հայ-ամերիկյան ձեռնարկություն, որը կկառուցի երկաթուղին և կզբաղվի ամենօրյա մենեջմենթով, բայց սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ:

«Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանն ու իրավազորությանը, լուծված են: Լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունն այդ ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- նշել է նա՝ հավելելով, որ ստեղծված է այնպիսի մի հավասարակշռության կետ, որը շահավետ է բոլորին: 

Միրզոյանը ևս մեկ անգամ անդրադարձել է «միջանցք» բառին՝ ընդգծելով՝ հարցն այն է, թե ով ինչ է հասկանում միջանցք ասելով: 

«Մենք էլ Հայաստանում ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք: Այս դեպքում, երբ ասում ենք միջանցք, կա մի նրբերանգ, և ես կխնդրեի չօգտագործել այդ տերմինը ենթակառուցվածքների այն կտորի մասով, որն անցնելու է Հայաստանի հարավով: Ինչո՞ւ։ Որովհետև տարբեր երկրներ բանակցությունների տարբեր փուլերում այս կամ այն կերպ ցանկություն են ունեցել, օրինակ, անվտանգային կամ ռազմական ներկայություն ունենալ երկաթուղու երկայնքով կամ վերահսկողություն ունենալ այդ ենթակառուցվածքի նկատմամբ:

Բայց մենք հիշում ենք այդ բանակցությունների ընթացքը, և երբ եթե որևէ մեկն այդ սենյակում ասում է միջանցք, մեզ մոտ մեխանիկորեն արթնանում է այդ մտահոգությունը, որ ինչ-որ մի թաքնված մտադրություն կա այստեղ, որը կարող է վնասել Հայաստանի ինքնիշխանությանը:

Հետևաբար կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Թրամփի ստորագրությունը: Այդ անունն է՝ TRIPP: Սա է այն, ինչ լինելու է Հայաստանի հարավում»,- ասաց ԱԳ նախարարը՝ դիմելով իրեն հարց ուղղած թուրք լրագրողին, որը, խոսելով TRIPP-ի մասին, օգտագործել էր «միջանցք» բառը:

Կիսվել