Կրեմլը ԱՄՆ-ին եւ Ուկրաինային մեղադրել է Պուտինի նստավայրի վրա անօդաչուներով հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ

Աննա Անտոնյան Մայիս 04, 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլի նստավայրի վրա անօդաչուներով հարձակմանը Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի մասնակցության մասին տվյալներ է ստանում ռուսական հատուկ ծառայությունը, շատ կարեւոր է, որ Վաշինգտոնում հասկանան, թե որքան վտանգավոր է նման անմիջական մասնակցությունը հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սրանք այն տվյալներն են, որոնք մենք ունենք։ Այն տվյալներն են, որոնք ստանում է մեր հատուկ ծառայությունը»,-ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլի վրա անօդաչուներով ահաբեկչության հետեւում կանգնած են Ուկրաինան եւ ԱՄՆ-ն։          

Նա նաեւ պատասխանել է լրագրողներին հարցին, թե արդյոք չբացահայտվեն այդ տվյալները։ «Ո՛չ։ Դուք հասկանում եք, որ իրականում այդ տվյալներից միայն մի փոքր մասն է բացահայտվում»,-պատասխանել է Պեսկովը։  Նա նաեւ հավելել է, որ շատ կարեւոր է, որ Վաշինգտոնում հասկանան, որ Ռուսաստանը տեղյակ է իրականացված ահաբեկչությանը ԱՄՆ մասնակցության մասին:

«Կարեւոր է նաեւ, որ հասկանան, թե որքան վտանգավոր է նման անմիջական մասնակցությունը հակամարտությանը»,-եզրափակել է Պեսկովը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի գիշերը Կիեւի ռեժիմը փորձել է անօդաչուներով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլի նստավայրին, երկու սարք շարքից հանվել է: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան, նյութական վնաս չի հասցվել: Ավելի ուշ Պեսկովը հայտնել է, որ այդ պահին նախագահը Կրեմլում չի եղել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ընդունել միջադեպի համար Ուկրաինայի պատասխանատվությունը։ 

Կիսվել