«Փխրուն սուբստանցիա է». Կրեմլում մեկնաբանել են ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ տարածված ենթադրյալ հայտարարության տեքստը

Աննա Անտոնյան Մայիս 21, 2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ սոցցանցերում տարածված ենթադրյալ «հայտարարության» տեքստը, որը պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն սուբստանցիա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաթուղթ էր տարածել, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ ստվերային բանակցությունների է իրականացրել, որոնց հետևանքով պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ՀՀ Տավուշի մարզի 5 և Արարատի մարզի 1 գյուղ, հաջորդիվ նաև Սևանի ու Ջերմուկի սարերը:

Բացի այդ, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի վստահեցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին հայտարարել էր, որ պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում:

Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:

Կիսվել