Կիեւը հայտնել է, որ հացահատիկի արտահանումն արդեն այս շաբաթ կմեկնարկի

Աննա Անտոնյան Հուլիս 25, 2022

Հացահատիկի արտահանումն արդեն այս շաբաթ կմեկնարկի, հայտնել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունից, հաղորդում է Страна.ua Telegram-ալիքը։

«Կարծում ենք, որ առաջիկա օրվա ընթացքում արդեն պատրաստ կլինենք աշխատել մեր նավահանգիստներից գյուղմթերքների արտահանումը վերսկսելու ուղղությամբ։ Խոսքը «Չեռնոմորսկ» նավահանգստի մասին է, այն կլինի առաջինը։ Այնուհետեւ կլինեն «Օդեսա» նավահանգիստը եւ «Պիվդեննի» նավահանգիստը»,- Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, որը կոչված է լուծել համաշխարհային շուկաներ պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը։ Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ հուշագրում ամրագրված է, որ համաշխարհային կազմակերպությունը միանում է գյուղատնտեսական ապրանքների եւ պարարտանյութերի արտահանմանը խոչընդոտող հակառուսական սահմանափակումների վերացման աշխատանքներին։ Մեկ այլ փաստաթուղթ սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը։ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ պայմանավորվածությունները ենթադրում են համակարգման քառակողմ կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն հացահատիկի նավերը՝ զենքի մաքսանենգությունը եւ սադրանքները կանխելու համար։

Կիսվել