Կավելաշվիլին Բաքվում խոսել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի մասին

Աննա Անտոնյան Ապրիլ 16, 2025

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցային գործընթացի ավարտը, այսօր Բաքվում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ «Սա, անկասկած, առաջընթաց քայլ է տարածաշրջանի ներուժի և կարողությունների ցուցադրման և օգտագործման գործում։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կստորագրվի պատմական համաձայնագիր, որը կարևոր խթան կհանդիսանա տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու համար», - նրա խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։ Կավելաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում երկխոսության, դիվանագիտության և խաղաղ համակեցության կողմնակից «Վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան ներառում է հաջողակ, տնտեսապես ուժեղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջան, որտեղ մեր ժողովուրդները կկարողանան երջանիկ համակեցություն ունենալ իրենց սեփական սովորույթներով և չպարտադրվեն կեղծ-լիբերալ արժեքներով», - ասել է Վրաստանի նախագահը։ Ըստ նրա՝ անհնար է, որ որեւէ երրորդ երկիր եւ կազմակերպություն ավելի լավ իմանա, թե «ինչն է լավագույնը մեր ժողովրդի համար»։ Իր հերթին Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ անհնար է խոսել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին առանց Վրաստանի։ «Այսօր, եթե խոսենք Հարավային Կովկասի Միջին միջանցքի մասին, դա միջանցք է, որն անցնում է Ադրբեջանով և Վրաստանով, և մեր երկրների տարածքներով անցնող բեռների քանակը աճում է», - նշել է Իլհամ Ալիևը։

Կիսվել