Կարող եմ ասել, որ ես ունեմ թիմ, ծրագիր և պատկերացում, թե ինչպես Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, նրա քաղաքացիների կյանքը դարձնել անվտանգ և սոցիալապես ապահով, վերադարձնել մարդկանց անձնական և ազգային արժանապատվությունը

Աննա Անտոնյան Ապրիլ 27, 2021

Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ շատ ակտիվ մասնակցելու է Հայաստանում սպասվող հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, նոր ուժ ձևավորելու, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին Արա Աբրահամյանի հետ մեր գրավոր զրույցը՝ ստորև.

- Պարոն Աբրահամյան, մարտի 27-ին հայտարարել էիք, որ պատրաստվում եք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ ձևաչափով է լինելու ձեր մասնակցությունը ընտրություններին, ո՞ր ուժերի հետ եք ներկայանալու:

- Ես այդ հայտարարությունը կատարել եմ, որովհետև այսօր տարածաշրջանում և Հայաստանում ծավալվող իրադարձությունները թույլ չեն տալիս կողքից դիտել, թե ինչպես է մեր հայրենիքը կորցնում իր սուբյեկտայնությունը: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել անկախության համար, որպեսզի հեշտությամբ հրաժարվենք դրանից՝ առանց հաշվի նստելու կորուստների հետ, որոնցից ամենազգայունը հազարավոր մարդկային կյանքերն են: Ես 30 տարի եղել եմ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում՝ ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունենալով: Այսօր ես բոլոր հնարավորություններն ունեմ ապրել աշխարհի ցանկացած կետում, զբաղվել իմ գործերով՝ հասարակական գործունեությամբ, բիզնեսով, իմ առողջությամբ, կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները և այլն: Բայց ես որոշել եմ մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին, որպեսզի փորձեմ կանգնեցնել վտանգավոր միտումները, օգնեմ Հայաստանին՝ բռնելու զարգացման ճանապարհը: Դա իմ խղճի պահանջն է: Իմ մասնակցության ձևաչափի մասին կհայտնեմ, երբ կհայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Կարող եմ ասել, որ ես ունեմ թիմ, ծրագիր և պատկերացում, թե ինչպես Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, նրա քաղաքացիների կյանքը դարձնել անվտանգ և սոցիալապես ապահով, վերադարձնել մարդկանց անձնական և ազգային արժանապատվությունը: Մեր ձևավորած քաղաքական պլատֆորմին կարող է միանալ մեր գաղափարախոսությունն ընդունող յուրաքանչյուր ոք, որի հիմքում համամարդկային քրիստոնեական արժեքները և հայրենիքի նկատմամբ սերն են:

- 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ հայտարարել էիք, որ կուսակցություն եք հիմնելու և մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին, սակայն հետո չմասնակցեցիք առողջական խնդիրների պատճառով: Հնարավո՞ր է՝ այս անգամ էլ ընտրություններին մասնակցելու որևէ խոչընդոտ լինի, կամ անձամբ չմասնակցեք, սակայն սատարեք որևէ ուժի:

- 2016 թվականին իսկապես մտադիր էի մասնակցել ընտրություններին, բայց, ցավոք սրտի, հանկարծահաս բարդ հիվանդությունը թույլ չտվեց դա անել: Մի քանի տարի ես պայքարում էի հիվանդության դեմ և, փառք Աստծո, հաղթահարեցի այն: Բայց այս անգամ Հայաստանի գոյության խնդիրն է դրված: Ոչ մի պատճառ, այդ թվում՝ առողջական (որն առավել անհանգստացնում է իմ ընտանիքի անդամներին), չի կարող ազդել իմ վճռականության վրա:

- Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Ինչպե՞ս եք վերաբերում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դուք ո՞ր ընտրակարգի կողմնակիցն եք:

- Կարելի է մեկնաբանել, դատողություններ անել, թե որ ընտրակարգն է ավելի համապատասխանում Հայաստանին և այլն: Բայց այս դեպքում բանը ոչ թե մանրուքների մեջ է, այլ այն, որ այդ որոշումն ընդունվել է մեկ մարդու և նրա քաղաքական խմբակի քմահաճույքով և շահերի համար: Անթույլատրելի են երկրի օրենքների փոփոխությունների փորձերը.

Կիսվել