Կարմիր խաչի ուղեկցությամբ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը Արցախից տեղափոխվեց Երեւան

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 19, 2022

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երեւան։ Տեղեկությունը  հաստատեց հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Հիվանդը սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Ստեփանակերտի «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Կիսվել