Կարեւոր է, որ Էդգար Ղազարյանը որպես անձ է հանդես գալիս, դիմում է հանրությանը. սա համարենք նոր պրոցեսի սկիզբ. քաղաքագետ

Աննա Անտոնյան Օգոստոս 22, 2022

Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը նոր փուլ կարող է բացել Հայաստանի քաղաքական մտածողության ու կազմակերպման տրամաբանության մեջ։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը նոր փուլ կարող է բացել Հայաստանի քաղաքական մտածողության ու կազմակերպման տրամաբանության մեջ։ Ինչու։
2018-ի իշխանափոխությունը Հայաստանի քաղաքական համակարգի փլուզման ակտն էր։ Կուսակցությունները դարձել էին իշխանության ռեսուրսներին տիրանալու գործիքի, աշխատանքի տեղավորման բյուրոյի, տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորության, առանց հասարակությանը ներկայացնելու ապագայի նախագծեր, առանց համախմբելու դրա համար անհրաժեշտ ազգի ինտելեկտուալ պոտենցիալը։ Այսինքն, չդառնալով լայն հանրային-քաղաքական ինստիտուտներ, որտեղ կան որոշումներ կայացնելու հանրության համար լեգիտիմ ու վստահելի մեխանիզմներ։

Մինչ 2018-ը որոշակի դերակատարություն էին իրականացնում ՀԿ-ները, իրավապաշտպանները, որոնք վերջնականապես վարկաբեկվեցին, դառնալով գործող իշխանության ու նրա ետեւում կանգնած որոշ տրանսազգային կառույցների կամակատարը։

Հիմա նոր տրամաբանության վրա հիմնված հանրային-քաղաքական միավորումներ ստեղծելու ժամանակն է։ Հիմա ստվերում տարերային ձեւով նման նախաձեռնություններ են կազմակերպվում։ Սա պայթյունից առաջ առերեւույթ խաղաղ պոտենցիալի կուտակման փուլ է։
Կարեւոր է, որ Էդգար Ղազարյանը որպես անձ է հանդես գալիս, ու դիմում է հանրությանը։ Սա համարենք նոր պրոցեսի սկիզբ։

Հ.Գ. Ցավոք, օգոստոսի 23-ին մեկնում եմ երկրից եւ չեմ կարող միանալ նախաձեռնությանը»։

Կիսվել