Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Աննա Անտոնյան Փետրվար 10, 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով չորրորդ մեղադրյալ՝ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին  հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ վաշտի հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Դատախազության տվյալներով՝ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտային տնտեսության վարման համար, միաժամանակ պարտավոր լինելով կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը,  հետեւել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, պարտավոր լինելով սահմանված ժամկետներում անցկացնել ստուգումներ նյութական միջոցների առկայության համար, ըստ հրամանի զեկուցել վաշտային տնտեսությունում բացահայտված այն բոլոր թերությունների մասին, որոնք հնարավոր չէ վերացնել սեփական ուժերով եւ միջոցներով, կազմակերպել եւ ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով նշված պարտականությունները չի կատարել, այդ թվում նաեւ` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում` անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաեւ պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից: Դրա հետեւանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան եւ թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Կիսվել