Իսրայելի ԱԳՆ ղեկավարը չի հրաժարվում Ադրբեջանի հետ «ընդհանուր ճակատ ստեղծելու» մտքից

Աննա Անտոնյան Ապրիլ 18, 2023

Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն այսօր այցով Ադրբեջան է մեկնելու, որտեղ հանդիպելու է երկրի արտաքին գործերի նախարարի եւ նախագահի հետ։ Ինչպես գրել է Turan-ը, այս մասին տեղեկացրել է իսրայելական կայքը։

Քոհենը քննարկելու է երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների խորացման հարցերը եւ տարածաշրջանային խնդիրները։ «Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, եւ նրա ռազմավարական դիրքը մեր հարաբերությունները շատ կարեւոր է դարձնում, այն մեծ պոտենցիալ ունի։ Այսօր ես մեկնում եմ կարեւոր քաղաքական այցով, որպեսզի մեր լավ բարեկամների հետ Բաքվում շարունակենք միասնական եւ ուժեղ ճակատի ստեղծումը եւ համագործակցությունը մեր ընդհանուր խնդիրները լուծելիս։ Դա վերաբերում է համագործակցության խորացմանը տնտեսության, անվտանգության, էներգետիկայի եւ նորարարությունների ոլորտներին»,- ասել է Քոհենը։

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը կգլխավորի իսրայելական պատվիրակությունը միջկառավարական հանձնաժողովի նիստում եւ կղեկավարի 20 իսրայելական ընկերություններից բաղկացած բիզնես-պատվիրակությունը կիբեռանվտանգության, ազգային անվտանգության, ջրային  ռեսուրսների կառավարման եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Պատվիրակության անդամները Բաքվում կունենան տասնյակ հանդիպումներ ընկերությունների եւ պետական հաստատությունների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելցի նախարարն արդեն արտահայտվել էր նման ոգով՝ հայտարարելով, որ Իսրայելը եւ Ադրբեջանը «պայմանավորվել են միասին գործել Իրանի դեմ»։

Կիսվել