Իշխանությունները ստերի հիման վրա են շարունակում պաշտոնավարել։

Աննա Անտոնյան Ապրիլ 12, 2021

Գերիների վերադարձի հետ կապված կատարվում են ամենաստոր մանիպուլյացիաները իշխանության կողմից. նրանք պնդում են, որ եթե գերիները չեն վերադառնում, ապա մեղավոր է ընդդիմությունը, և, ցավոք, գերիների հարազատները հավատում են սրան: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով գերիների վերադարձի տեղեկությունը իշխանականների կողմից հաստելու և հակառակ պատկեր տեսնելու մասին:

Իշխանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը ենթադրում էր բոլոր գերիների վերադարձ, սակայն ակնհայտ է, որ այն խախտվել է, ըստ նրա՝ Հայաստանի թուլության պատճառով:

«Բնականաբար, Ադրբեջանը հաղթողի դիրքից թելադրում է իր պայմանները, սա ցույց է տալիս այդ համաձայնագրի խոցելիությունը. փաստորեն, թղթի վրա մի բան է գրված, սակայն այլ բան է բուն իրականությունը»,- նշեց Իշխանյանը:

Ըստ նրա՝ ցավալին այն է, որ եթե թղթեր են ստորագրվում, պայմանավորվածություններ կան, միևնույն է՝ Հայաստանը, որպես որևէ կողմ, գոյություն չունի:

«Մեր մաբողջ հույսը մնում է Ադրբեջանի «բարի կամքի» և Ռուսաստանի ներգործության վրա: Սա է իրականությունը: Ցավոտ է նաև այն, որ տեղի ունեցող իրադարձություններում տուժում են գերիների, անհետ կորածների ընտանիքները»,- նկատեց իրավապաշտպանը:

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ իշխանությունները ստերի հիման վրա են շարունակում պաշտոնավարել: Ես համոզված եմ, որ իշխանությունները որևէ փաստ չունեին, որ այդ ինքնաթիռով գերիներ են վերադառնալու: Այդ խոստում տալը ծաղր է գերիների հարազատների նկատմամբ: Գերիների հարազատներն, իրականում, սխալ  հասցե են ընտրել՝ պաշտպանության նախարարության շենքի դիմաց ակցիաներ անելով, այս հարցի թիրախում պետք է լինի Հայաստանի կառավարությունը: Պիտի նշեմ, որ շատ մեծ տագնապ կա, որ Ադրբեջանը գերիների հարցն օգտագործել է Հայաստանի տարածքներից հերթական զիջումների սպասումով»,- ասաց նա:

Խոսելով Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի այն հայտարարության մասին, թե պետք է հայաստանյան պաշտոնատար անձնանց հարցնել՝ ինչու են մոլորության մեջ գցում բնակչությանը, որին հաջորդեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանի այն խոսքը, թե այս թեմայի վերաբերյալ իրենց հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունեն, Իշխանյանը նշեց՝ այս իշխանականներից ոչ ոքի խոսքը մեկնաբանել պետք չէ, քանի որ վերջինների կողմից միայն ստեր են հնչում:

«Նրանք անօգնական են այս հարցը լուծելու համար, բայց չեն ուզում սա խոստովանել, որովհետև իրենց կառավարություն են համարում»,- ամփոփեց նա:

Կիսվել