Իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ բարդացնում է Երեւանի եւ Բաքվի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 26, 2022

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի աշխատանքը։  Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անշուշտ,  միջադեպերը, ինչպիսին է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի ներկայիս սրումը, չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում՝ իրավիճակի առարկայական կարգավորման նպատակով։ Հույս ունենք շուտով վերականգնել համատեղ աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետն այնքան էլ կարեւոր չէ։ Գլխավորն այն է, որպեսզի Բաքուն եւ Երեւանը կարողանան փոխընդունելի լուծում գտնել, որը կերաշխավորեր կայուն եւ արդարացի խաղաղություն տարածաշրջանում, նշել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին՝ հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթաժողովում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը համապատասխան։

Կիսվել