Ինչու է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին՝ առանց ՌԴ-ի հետ խորհրդակցելու. Վլադիմիր Եվսեև

Աննա Անտոնյան Մայիս 22, 2021

«ՀՀ ղեկավարությունը քաղաքական վճռականություն չունի սեփական տարածքը պաշտպանելու: Այն, որ Ռուսաստանն ամեն անկյունում չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, ոչինչ չի նշանակում: ՌԴ-ն իրավիճակը հանգուցալուծելու իրական ուղիներ է նշում, բայց դրանք պետք է ուղեկցվեն ուժով Հայաստանի իշխանությունների կողմից, այլապես այդ բոլոր պայմանավորվածությունները չեն գործելու»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող իրավիճակին:

Նրա խոսքով, Ադրբեջանը պատճառներ է փնտրելու, որպեսզի իր պարտավորությունները չկատարի, իսկ դրա համար հարկավոր է ուժային բաղադրիչ, որը կապահովի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտ պայմաններ:

Եվսեևի խոսքով՝ ՀՀ իշխանությունն իր անգործությամբ հրահրում է ադրբեջանական կողմին՝ մուտք գործել ՀՀ տարածք մտացածին պատճառով: Ըստ նրա՝ առանց ուժային զսպման հնարավոր չէ ապահովել սահմանի դեմարկացիան, առանց ուժի անընդհատ լինելու է նույն խոսակցությունը, որ սա կամ նա իրենց տարածքն է:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելու ՀՀ իշխանությունների քայլին, ապա Եվսեևն ասել է․ «Այս թեմայով ՀԱՊԿ դիրքորոշումը հայտնի է բոլորին, ինչո՞ւ է նա դիմում ՀԱՊԿ-ին՝ առանց ՌԴ-ի հետ խորհրդակցությունների: Դա նման է այն իրավիճակին, որը եղավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված աղմկահարույց միջադեպով, երբ նրան ետ կանչեցին արդեն քրգործ հարուցված, ապա սկսեցին պարզաբանել, և այլն: Ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ին դիմում, դրա իմաստը ո՞րն է: Գիտեք, չէ՞, ՀԱՊԿ-ում այս հարցով դիրքորոշումները, ինչի՞ համար է այս ամենը, նշանակում է, որ ՌԴ-ին դնում եք անհարմար դրության մեջ: ՌԴ-ին կարելի է դիմել ռազմական օգնության խնդրանքով, սակայն դա պետք է հիմնվի Հայաստանի ուժի և այդ ուժը կիրառելու պատրաստակամության վրա»»,-գրում է թերթը։



Կիսվել