Ինչ է քննարկել Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ

Աննա Անտոնյան Հունվար 31, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցությունը եղել է ԵԱՏՄ ընթացիկ գործերի եւ մեր երկկողմ հարաբերությունների մասին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին։

Նա նշել է, որ ՌԴ-ն այդ գործընթացի հետ կապված որոշ անհանգստություններ ունի, բայց «մեր խոսակցություններն ու հարաբերությունները չեն լինի սպառնալիքների տեսքով»։

Վարչապետը շեշտել է, որ փաստ է. «ՀՀ քաղաքացիները ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել եւ կոնկրետ հարց են առաջադրել ԱԺ-ին եւ կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին։ Իմ համոզմունքն եմ արտահայտել այն ժամանակ, որ այդ թեմայի շուրջ մարդիկ կհավաքեն եւ 50 հազար, եւ 300 հազար ստորագրություն… Սահմանադրական կարգավորումը շատ հստակ է, ինչու են ՀՀ քաղաքացիների շրջանում այդպիսի ընկալումներ ձեւավորվել եւ մեր խոսակցությունը սրա մասին է»։

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՌԴ անհանգստություններին՝ նշել է, որ Հայաստանն էլ ունի որոշակի անհանգստություններ ՌԴ դիրքորոշումների եւ քաղաքականության հետ կապված։ «Դա էլ է փաստ, բայց որ մենք շարունակում ենք երկխոսությունը, դա էլ է փաստ, այն որ մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ հետ, դա էլ է փաստ»,- ասել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ուշադիր լինել, որ ԵԱՏՄ շրջանակներում չլինեն քայլեր, որ ինքնին հարցականի տակ կդնի ԵԱՏՄ- ի բովանդակությունը։

«Արդեն եղել են, ցավոք սրտի, քայլեր, որոնք, մեր գնահատմամբ, կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, եւ դա է պատճառը, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը»,- ասել է նա։

Կիսվել