ՀՅԴ-ում մշակել են Եվրոպայում ադրբեջանական հակաքարոզչությանը հակադարձելու, նրանց հերթական սադրանքը ձախողելու ուղիները

Աննա Անտոնյան Ապրիլ 14, 2023

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հրավերով ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի՝ եվրոպական երկրներում գործող հանձնախմբերի պատասխանատուների առցանց քննարկում, որին մասնակցել են ավելի քան տասը երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուներ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ քննարկման օրակարգը վերաբերել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և յուրաքանչյուր հանձնախմբի նախընթաց ամիսների աշխատանքի վերագնահատմանը, ընթացիկ ու առաջիկա աշխատանքներին՝ միտված Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի և ադրբեջանական շարունակական ագրեսիայի վերաբերյալ եվրոպական հասարակական-քաղաքական, պետական շրջանակների հետ նպատակադրված աշխատանքով օբյեկտիվ իրավիճակ ձևավորելուն։ Այս առումով գոհունակությամբ անդրադարձ է կատարվել Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված վերջին բանաձևերին և կարևորվել է ԵՄ գործադիր իշխանության կողմից խորհրդարանի քաղաքական դիրքորոշմանը հետևելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Հայաստան ժամանող Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների այցերի արդյունավետությանը և ընդգծվել դրանց շարունակականության ապահովման կարևորությունը։

Առանձնահատուկ քննարկվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և նրա ղեկավար Գասպար Կարապետյանի դեմ  սկիզբ առած կեղտոտ հակաքարոզչության նոր ալիքը, որն ինչպես նախորդները, ուղղակիորեն ղեկավարվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպայում կոռուպցիոն դրսևորումներով իրականացվող ադրբեջանական հակաքարոզչությանն իրավական, հասարակական, քաղաքական և քարոզչական տեսանկյուններից հակադարձելու և ադրբեջանական հերթական սադրանքը ձախողելու ուղիները։

Կիսվել